Հարգելի Մաեստրո:
Ես հասկանում եմ, որ բոլոր հայտնի մարդիկ, գործի բերումով, խիստ զբաղված են լինում: Սրա հետ մեկտեղ նաև համոզված եմ, որ նրանք ունեն քարտուղարներ, որոնց պարտականությունների մեջ մտնում է նաև նամակներին պատասխանելը: Ցավոք, ես չստացա Ձեզ հղած իմ էլեկտրոնային երկու նամակների (12.03.2015 spivakov@mmdm.ru և 14.03.15. nfor2003@ya.ru) պատասխանները և դիմեցի ֆեյսբուքի օգնությանը, մասնավորապես տեղադրեցի նամակս Ձեր էջում, իսկ հետո արդեն՝ գլխավոր էջում: Պատասխան չստանալով, տպագրության խնդրանքով դիմեցի «Իրատես» թերթի խմբագրություն: Ահա իմ նամակը.
Բարև Ձեզ, մեծարգո Մաեստրո, Վլադիմիր Թեոդորովի Սպիվակով:
Գրում է Ձեզ Նուբար Ասլանյանը, Իսրայելի Հայֆա քաղաքից:
Հիշո՞ւմ եք, ես մոտեցա Ձեզ Հայֆայի «Աուդիտորիում» համերգային դահլիճում Ձեր անցկացրած փորձից հետո: Եթե հիշողությունս չի դավաճանում՝ 2009 թիվն էր: Ցույց տվեցի Հայոց ցեղասպանությանը, հրեա Ֆրանց Վերֆելի և ծնողներիս հիշատակին նվիրված փողի և նվագախմբի համար հեղինակածս «Սիփանա քաջեր» կոնցերտ պոեմի պարտիտուրը՝ ծանոթանալու և հնարավորության դեպքում կատարելու խնդրանքով: Դուք սիրալիր պատասխանեցիք, որ արդեն կազմել եք երեք տարվա հեռանկարային կատարողական Ձեր ծրագիրը: Իսկ ես չէի շտապում, քանզի մինչև 2015 թիվը (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից) դեռ բավական ժամանակ կար: Չեմ թաքցնում, չէի դիմի Ձեզ, եթե չիմանայի Ձեր ով լինելը, Հայաստանի հանդեպ ունեցած Ձեր հատուկ հարգանքն ու ուշադրությունը (դեռ երկրաշարժի տարիներից), շնորհաշատ հայ երեխաներին նեցուկ լինելու իրողությունը և այլն: Չուզենալով Ձեզ անհարմար վիճակի մեջ դնել, չասացի, որ պարտիտուրս ուղարկել եմ դեռ երեք տարի առաջ, և, վերջապես, չէ՞ որ Դուք մեր ազգի տաղանդաշատ փեսան եք, հարգանք կա, պատիվ կա։
Դուք նույնպես առաքինի գտնվեցիք՝ պարտիտուրը դրեցիք Ձեր ճամպրուկի մեջ և ժպտալով ասացիք՝ ցույց կտամ մեր շեփորահարին։ Եվ, ինչպես կասեր Կրամարովը «Անորսալի վրիժառուներ» ֆիլմում՝ «и тишина»...
Ես շնորհակալ եմ ՀԱՖ նվագախմբին և Իսրայելի հանրահայտ ֆիլհարմոնիկ նվագախմբի թիվ մեկ փողհար Ռամի Օրենին, որոնք իրականացրին իմ վաղեմի երազանքը և կատարեցին «Սիփանա քաջերը» Երևանում, վերջերս՝ հունվարի 30-ին: Եթե Դուք իմանայիք՝ որքան կցանկանայի, որ համաշխարհային համբավ ունեցող Վլադիմիր Սպիվակովը կատարեր նշածս ստեղծագործությունը և՝ ոչ միայն Մոսկվայում: Մեզ համար Ձեր կատարումը, հայտնի պատճառներով, շատ անհրաժեշտ է և նշանակալի, և Դուք, անտարակույս, դա հասկանում եք։
Հարգելի Մաեստրո։
1998, 2000 և 2001 թվերին՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցում պատվիրել էի Սուրբ պատարագից հետո հոգեհանգիստ՝ ի հիշատակ հայ մշակույթի 140 նահատակների: Դիրիժորների ցանկում նշված էր նաև մեր շնորհաշատ Զարե Սահակյանցի անունը: Ես պարտական եմ նրան, 1969 թվին ղեկավարել է Ֆլեյտայի և լարայինների համար գրված իմ Կոնցերտը: Մենք մտերիմներ էինք: Պարտիտուրիս հետ ես հանձնեցի Ձեզ այդ նշանավոր հոգեհանգստի հինգ ծանուցումները՝ եկեղեցու գեղեցիկ ֆոնի վրա, խնդրանքով, որ հանձնեք Ձեր տիկնոջը, վստահ, որ նրան հաճելի կլինի: ՈՒզում եմ հուսալ, որ Սաթին ընդունել է այն ըմբռնումով...
Խորին հարգանքով՝
Նուբար ԱՍԼԱՆՅԱՆ
Հայֆա, Իսրայել